Պայմաններ
Ընդհանուր Դրույթներ
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն կայքերը, որոնք բավարարում են մրցույթի հետևյալ պայմաններին.
ա. ստեղծվել են 2010-2012 թվականների ընթացքում, կամ վերոհիշյալ ժամանակահատվածում ենթարկվել են նկատելի փոփոխության (դիզայնի, բովանդակության, կիրառվող տեխնոլոգիայի)
բ. բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին.
- Նախատեսված են հայկական (Հայաստան կամ սփյուռք) շուկայի համար, կամ
- Ներկայացնում են Հայաստանի, հայերի, հայկական սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները և այլն, կամ
- Ամբողջովին պատրաստված են Հայաստանում գրանցված ընկերության կողմից
Մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվի այն կայքերի կողմից, որոնք ունեն պոռնոգրաֆիկ կամ բռնություն քարոզող բովանդակություն, կամ քարոզում են ատելություն մարդկանց որևէ խմբի նկատմամբ` ըստ կրոնական, սեռային, ռասայական, սեռական կողմնորոշման կամ ազգային պատկանելության: Եթե Ժյուրին ուսումնասիրության ընթացքում հայտնաբերի նման կայքեր, որոնք կարողացել են գրանցվել մրցույթին, ապա դրանց մասնակցությունը կդադարեցվի:
Գրանցման կարգը
Մասնակցելու համար անհրաժեշտ է կայքը գրանցել ArmNet նախագծի պաշտոնական կայքում (www.armnetawards.am), որտեղ մասնակից կայքերից յուրաքանչյուրը կունենա հատուկ էջ: Կայքը մրցույթին գրանցելիս պետք է ներկայացնել դրա ընդհանուր նկարագիրը, նշել թեմատիկ պիտակները, որոնց միջոցով այցելուները կկարողանան հեշտորեն գտնել մասնակից կայքը և ծանոթանալ դրա հետ: Եթե կազմակերպիչները համարեն, որ նշված պիտակը չի համապատասխանում կայքին կամ ունի գովազդային բնույթ, ապա կարող են հեռացնել կամ փոփոխել այն:
Մասնակից կայքի առաջին էջում անհրաժեշտ է տեղադրել մասնակցության վահանակը, որը կարելի է գտնել www.armnetawards.am կայքում: Գրանցումից հետո մրցույթի կազմակերպչական թիմը ստուգում է կայքի համապատասխանությունը «Մասնակցության պայմաններին»: Կազմակերպիչներն իրավունք են վերապահում իրենց չհաստատել կայքի մասնակցությունը մրցույթին, եթե այն չի համապատասխանում «Մասնակցության պայմաններին»:Կայքի մասնակցության հաստատումից հետո մասնակից կայքերը www.armnetawards.am կայքի հատուկ կատալոգում կդասակարգվեն ըստ այբբենական կարգի, սակայն կարելի է մասնակից կայքերի ցանկը դիտել նաև ըստ պիտակների: Եթե կայքն ունի նաև մոբայլ տարբերակ, անհրաժեշտ է նաև առանձին գրանցել կայքի մոբայլ տարբերակի հասցեն: Ըստ գրանցման հերթականության` մասնակից կայքերը կստանան նաև մասնակցության հատուկ համարներ, որոնք այնուհետև կօգտագործվեն քվեարկության ժամանակ:
Գրանցումը կմեկնարկի հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00:00-ին և կփակվի նոյեմբերի 19-ին, ժամը 18:00:00-ին:
Մրցույթի անցկացման ընթացակարգը
Armnet Awards մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում Ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 30-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգի հավակնորդ կայքերը: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին:
Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի նաև SMS քվեարկություն: Բոլոր ցանկացողները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի օգտին: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 10-41 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում գրելով Armnet բառը և նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը: SMS քվեարկությանը կարող են մասնակցել նաև հայկական ինտերնետի այցելուները արտերկրից: Երկրների ամբողջական ցանկը, յուրաքանչյուր երկրից քվեարկելու համար հատուկ կարճ համարը և կարճ հաղորդագրության արժեքը կարելի է գտնել ArmNet Awards 2012-ի պաշտոնական վեբ կայքում: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:SMS քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 22-ին, Երևանի ժամանակով ժամը 12:00:00-ին և կավարտվի դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00:00-ին: SMS քվեարկության արդյունքներին կարելի է հետևել www.armnetawards.am կայքում, յուրաքանչյուր հավակնորդ կայքի կողքին: Տվյալները կթարմացվեն յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ:
Անվանակարգեր
Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում.
- Դիզայն և հարմարավետություն - տրվում է լավագույն դիզայն և օգտագործման հարմարավետություն ունեցող կայքին
- Նորարարություն - տրվում է այն կայքին, որը վերջին երկու տարվա ընթացում առաջինն է նշանակալի տեխնոլոգիական նորամուծություն մտցրել կայքում
- Տեխնիկական կատարում - տրվում է այն կայքին, որը լավագույն կերպով է իրականացրել տեխնիկական լուծումները
- Բովանդակություն - տրվում է այն կայքին, որն ունի օրիգինալ, հետաքրքիր, գրագետ բովանդակություն: Այս անվանակարգի համար հատուկ առավելություն կստանան այն կայքերը, որոնք ունեն գրագետ հայերեն տարբերակ
- Տարվա առաջընթաց - տրվում է այն կայքին, որը վերջին տարվա ընթացքում հատուկ նվաճումներ է ունեցել, կտրուկ ժողովրդականություն է ստացել կամ տեխնոլոգիական մեծ առաջընթած է գրանցել
- Հասարակական ազդեցություն – տրվում է այն կայքին, բլոգին, կամ անձին, ով սոցիալական հարթակներում ցուցաբերած ակտիվության արդյունքում ունեցել է մեծ հասարակական ազդեցություն
- Գլխավոր մրցանակ - տրվում է այն կայքին, որը բոլոր անվանակարգերով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն քանակով միավորներ
- Ժողովրդական ընտրություն - այս անվանակարգում հաղթող կճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը
- Orange-ի հատուկ մրցանակ - մրցանակը տրվում է Orange ընկերության կողմից, լավագույն բջջային հավելվածի համար: Անվանակարգում մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցել հավելվածի էլեկտրոնային հղումը www.armnetawards.am կայքում կամ ուղարկել հավելվածը info@armnetawards.am հասցեին:
Ժյուրիի այն անդամները, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն մասնակից կայքերից որևէ մեկի հետ, չեն մասնակցում տվյալ կայքի գնահատմանը: Եթե ժյուրիի անդամներից որևէ մեկը կայքերից մեկին չափազանց բարձր կամ ցածր գնահատական է տվել, ժյուրիի մյուս անդամները կարող են պարզաբանումներ պահանջել տրված գնահատականի համար: Կազմակերպիչ ընկերությունների և հանրային քվեարկությունը տեխնիկապես սպասարկող ընկերություններին պատկանող կամ վերջիններիս կողմից ստեղծված կայքերը չեն կարող մասնակցել մրցույթին: